ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Իսրայելը հետաձգել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում ցամաքային գործողություն սկսելու ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իսրայելական երկու աղբյուրների: Նշվում է, որ Իրանն այս պահին մտածում է Իրանի հարձակմանը պատասխան տալու մասին։
«Իսրայելը մտադիր էր քայլեր ձեռնարկել Ռաֆահում այս շաբաթ ցամաքային հարձակման ուղղությամբ, սակայն հետաձգել է ծրագրերը, քանի դեռ մտածում է Իրանի հարձակմանը պատասխանելու մասին»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ամսաթիվն արդեն համաձայնեցված է:
Հիշեցնենք` ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։
Իրանից հայտարարել են, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը հետ մղելուն մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմաօդային ուժերը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում կկայացնի` պատասխան հարձակում անի՞, թե՞ ոչ: