ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Իրանը կալանավորել է իսրայելական MSC Aries բեռնատար նավը՝ ծովային իրավունքի խախտման պատճառով։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը մշտապես ձգտում է նավագնացության անվտանգ միջավայր ստեղծել Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում, սակայն այդ նավի կողմից ծովային իրավունքի խախտման պատճառով այն ուղարկվել է Իրանի տարածքային ջրեր»,-Քանանիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Շաբաթ օրը իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԻՀՊԿ ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի ջրերում բեռնատար նավ են կալանել, որը նավարկում էր Պորտուգալիայի դրոշի ներքո: IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ MSC Aries կոչվող կոնտեյներային նավը գրավել են ԻՀՊԿ ծովային հատուկ ջոկատայինները՝ նավի տախտակամածի վրա գործողություն իրականացնելու և անձնակազմի տարհանման եղանակով: