ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետազոտական խումբը ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման նպատակահարմարության մասին եզրակացություն է կայացրել, ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել այդ որոշմանը:
«Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները բանակցություններ սկսելու մասին որոշումը կընդունեն 2024 թվականի մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում», - հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՏՀ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրները և Մոնղոլիան մտադիր են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստումն ավարտել 2024 թվականի ընթացքում։
Այժմ Մոնղոլիան ԵԱՏՄ-ին կից դիտորդ երկրների շարքում է (միության անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը): 2015 թվականի հունիսին ԵՏՀ-ն և Մոնղոլիայի կառավարությունը կնքեցին համագործակցության մասին համաձայնագիր, 2020 թվականին կողմերը համատեղ հետազոտական խումբ ձևավորեցին ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարությունն ուսումնասիրելու համար: