ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասաց նա։
Քոչարյանի խոսքով` այդ գործընթացը դեռ տարիներ առաջ պետք է արված լիներ եկեղեցու, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի կառույցների, պետական բոլոր ինստիտուտների կողմից։
«Ցեղասպանության թանգարանում նկարներից բացի պետք է բոլորի անունները լինեն։ Եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ ու ավարտ։ Առջևում ապրիլի 24–ն է, պետք է հստակ իմանանք` 1.5 մլն է, թե 2 մլն»,– ասաց նա։
Պատգամավորը վստահեցրեց, որ քանի դեռ այդ արձանագրումը հայկական կողմը չի արել, Թուրքիան շարունակելու է հերքել իրողությունը։