ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից։ Տեղեկությունը հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Մելիքյանը նաև տեղեկացրել է, որ լրատվամիջոցի աշխատակիցներին տարել են Դավթաշենի ոստիկանություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 22--ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին են տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել են նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։