ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Առնվազն 50 մարդ է զոհվել, ևս 36-ը տուժել են Աֆղանստանում տեղատարափ անձրևների հեղեղումների հետևանքով: Այս մասին Tolo News հեռուստաալիքին հայտնել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տարերային աղետների դեմ պայքարի նախարարության ներկայացուցիչ Ջանան Սաիկը։
«Ընդհանուր առմամբ ավերվել է 706 տուն, մոտ 400 գլուխ անասուն սատկել է, 1606 տուն էլ վնասվել է այդ ջրհեղեղների պատճառով»,-հայտարարել է Սաիկը:
Գերատեսչության ներկայացուցիչը հստակեցրել է, որ այդ ցուցանիշներն արտացոլում են հորդառատ անձրևների չորս օրվա տվյալները։
Անցյալ ամիս Tolo News հեռուստաալիքը, հղում անելով Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տարերային աղետների դեմ պայքարի նախարարությանը, հաղորդել էր, որ առնվազն 60 մարդ է զոհվել և 34-ը տուժել են Աֆղանստանում վատ եղանակի պատճառով՝ փետրվար-մարտ ամիսներին 23 օրվա ընթացքում: