ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Առաջին կանադացի մասնագետը միացել է Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ դիտորդական առաքելության` X-ի միկրոբլոգում։
«Ուրախ ենք ընդունել առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն: Կանադան ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունն է, որն աջակցում է առաքելությանը»,- նշված է գրառման մեջ։
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։
Հիշեցնենք` ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022 թվականի հոկտեմբերին։ Դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: