ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Այսօր ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը։ Տեղեկությունը հայտնում է AntiFake.am–ի խմբագրությունը։
Լրատվականի աշխատակիցներին բերման ենթարկելու մասին ավելի վաղ հայտնել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել էր, որ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։
«Քաղբանտարկյալներ Սամսոնյանն ու Սաղաթելյանն արդեն 25 օր անազատության մեջ են։ AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու, մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային գործիչների՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման մասին հանրությանը իրազեկելու փորձերը ճնշելու իշխանության հետևողական գործողությունները»,– նշված է AntiFake.am–ի հայտարարության մեջ։
Լրատվականը կոչ է անում իրավապաշտպան կառույցներին և լրագրողական կազմակերպություններին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքն ու ազատ մամուլը ճնշելու իշխանության նոր թափ առած քաղաքականությանը։
Հավելենք, որ բերման ենթարկված 2 անձանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի172.2 հոդվածով (հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը)։