«Բնակչության բժշկական օգնության ու սպասարկման մասին» օրենքում փոփոխությունները կարող են լուրջ խոչընդոտներ առաջացնել.Պողոսյան

Sputnik
Ազգային ժողովը ապրիլի 12-ին ընդունեց «Բնակչության բժշկական օգնության ու սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի` 2025 թվականի հունվարի 1-ից առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ նրանց աշխատանքի վայրից, իսկ կլինիկական օրդինատորները, ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձինք՝ անցումային անհատական լիցենզիա:
Անհատական լիցենզիան և անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կենտրոնացված քննության հանձնման արդյունքում: Կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման կարգը, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովի ձեւավորման կարգը, աշխատակարգը և անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը:
Անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունեցող անձի, ինչպես նաեւ միջին բուժաշխատող հանդիսացող և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձանց հետ աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն։
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «Բնակչության բժշկական օգնության ու սպասարկման մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները կարող են լուրջ խոչընդոտներ առաջացնել։