ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Իսրայելն իրանական սպառնալիքի դեմ ռազմավարական դաշինք ստեղծելու հնարավորություն ունի, այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ մեկնաբանելով հրեական պետության վրա Իրանի գիշերային հարձակումը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ամենադրամատիկ գիշերներից մեկը ապրեցինք և, անընդհատ պատրաստվելով, տպավորիչ արդյունքների հասանք։ Մենք հնարավորություն ունենք ռազմավարական դաշինք ստեղծել Թեհրանի կողմից լուրջ սպառնալիքի դեմ», - հայտարարել է Գալանտը «Ստրելա 3» հակահրթիռային պաշտպանության համակարգերի մարտկոցի տեղակայման վայր այցելության ժամանակ։
Ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։
Իրանից հայտարարել են, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը հետ մղելուն մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմաօդային ուժերը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում կկայացնի` պատասխան հարձակում անի՞, թե ոչ: