Իսրայելի վրա Իրանի հարձակումը լայնածավալ պատերազմի չի վերածվի. Սպիտակ տուն

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին . Արխիվային լուսանկար
Սպիտակ տան վարչակազմից հայտնել են, որ Բայդենն անձամբ է աշխատում ճգնաժամը հաղթահարելու դիվանագիտական քայլերի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ը չի կարծում, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա կվերաճի ավելի մասշտաբային պատերազմի։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ամերիկյան NBC News–ին տված հարցազրույցում:
«Չեմ կարծում, որ դրա համար որևէ պատճառ կա... Նախագահը (Ջո Բայդենը–խմբ.) հստակ արտահայտվել է` մենք չենք ցանկանում տեսնել դրա էսկալացիան, մենք չենք դիտարկում Իրանի հետ ավելի լայնամասշտաբ պատերազմ։ Կարծում եմ՝ առաջիկա ժամերին և օրերին մենք ավելին կիմանանք»,– ասել Է Քիրբին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդեն տեղի ունեցած հարձակումը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացո՞ւմ է։
Քիրբին նաև ընդգծել է, որ Բայդենն անձամբ է աշխատում ճգնաժամը հաղթահարելու դիվանագիտական քայլերի ուղղությամբ:
Ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։
Իրանից հայտարարել են, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը հետ մղելուն մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմաօդային ուժերը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում կկայացնի` պատասխան հարձակում անի՞, թե ոչ: