ԻՀՊԿ հրամանատարը պնդում է, որ Իրանի գործողությունն ավելի լավ է անցել, քան ենթադրվում էր

Հոսեյն Սալամին. Արխիվային լուսանկար
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ընդգծել է, որ իրանական գործողությունը «համաչափ պատասխան էր» ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Իրանը հաջող գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ, հրթիռներն ու անօդաչուները կարողացել են հաղթահարել հրեական պետության հակահրթիռային պաշտպանության համակարգերը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար զորամասեր) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին։ Նրա խոսքը մեջբերում է իրանական Press TV հեռուստաալիքը։
«Մենք գիտենք, որ մեր գործողությունն ավելի հաջող էր, քան սպասվում էր։ Մեր արձագանքը Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիայի ավելի կոշտ կլինի», - ասել է գեներալը։
ԻՀՊԿ հրամանատարն ավելացրել է, որ իրանական անօդաչուներն ու հրթիռները հաղթահարել են «Իսրայելի ենթադրաբար հզոր հակաօդային պաշտպանության համակարգը»:
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, որը նույնպես ելույթ է ունեցել Press TV-ի եթերում, նշել է, որ իրանական գործողությունը «համաչափ պատասխան էր» ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին: Բաղերին խոստացել է, որ Իրանը ավելի հուժկու պատասխան կտա Իսրայելի հնարավոր արձագանքին:
Կիրակի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։ Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։