ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։
Նա հայտնել է, որ այդ գործով բոլոր մեղադրյալներն այսօրվա դրությամբ արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում` էկոնոմիկայի նախարարությունում։ Այնինչ Վահան Քերոբյանին թույլ չեն տվել տնային կալանքի ընթացքում նույնիսկ բժշկական ծառայություններ ստանալ։
«Պատճառաբանությունն ու հիմնավորումները առաջին հայացքից ժպիտ առաջացնող են, իսկ իրականում արդարադատության ոլորտը` մասնավորապես նախաքննության, դատախազական հսկողության և դատական վերահսկողության ինստիտուտները շարունակում են գտնվել ճգնաժամի վիճակում և բավական ցածր մակարդակի անալիտիկ կարողություններով, հետսովետական ռեպրեսիվ մեխանիզմներից մեծապես կախվածության մեջ»,– գրել է նա։
Պաշտպանը հայտնում է, որ հաշվի չեն առնվել պաշտպանական կողմի ներկայացրած հիմնավորումները, Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվել են նաև ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը։
Ըստ պաշտոնական դիրքորոշման`վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Քերոբյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ պետք է դեռ բազմաթիվ թղթեր ուսումնասիրվեն և հարցաքննություններ արվեն։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրաժարականի մասին հայտարարեց փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։