Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական խնդրի նկատմամբ. Տոկաև

Ղազախստանի նախագահը նշել է, որ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է նաև իր երկրի շահերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Ղազախստանը պատրաստ է աջակցել տարծաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքի: Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Արմենպրեսին» տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ղազախստանն անտարբեր չէ հայ-ադրբեջանական խնդրի նկատմամբ։
«Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից»,– ասել է նա:
Ղազախստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ցանկացած հակասություն, այդ թվում՝ պետությունների տարածքային ամբողջականությանը վերաբերող, անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի և սկզբունքների համաձայն։
«ՄԱԿ-ի շրջանակներում հաստատված արժեհամակարգը պետք է մնա ուղենիշ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար», – ասել է նա։
Տոկաևը նշել է, ներկա փուլում միայն պետությունների հավաքական ջանքերը, իմաստուն, պրոֆեսիոնալ դիվանագիտությունը կարող են հանգեցնել աշխարհում երկարաժամկետ կայունության և համընդհանուր առաջընթացի՝ կառուցելով միջազգային հարաբերությունների արդար համակարգ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: