ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին տված հարցազրույցում, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։
«Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի»,– նշել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը, մասնավորապես՝ պետական ինքնիշխանության, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման, պետական սահմանների անխախտելիության ու անձեռնմխելիության հարցերում։
Փաշինյանը շեշտել է` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա Ղազախստանի հետ էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: