Հինգշաբթի ուշ երեկոյան ընդամենը մոտ 2 տասնյակի հասնող տելեգրամյան ալիքներից մեկով լուր տարածվեց Երևանի մի քանի դպրոցներում ու առևտրի մի քանի կենտրոններում ծրագրվող ահաբեկչության մասին։
Հնարավոր ահաբեկչության մասին լուրը շատ արագ տարածվեց հայկական սոցցանցային տիրույթում և արդեն ուրբաթ առավոտյան իրավապահները դպրոցներում էին, ծնողների մի մասը երեխաներին դպրոց չէին ուղարկել, ոմանք էլ լուրի մասին տեղեկանալով շտապել էին դպրոց` երեխաներին տուն տանելու։
Պատկան մարմինները հայտարարեցին, որ լուրը կեղծ է, անհանգստանալու կարիք չկա, մասնագետներն էլ փաստեցին, որ նույնաբովանդակ լուրեր տարբեր երկրներում տարածվել են դեռ ամիսներ առաջ։
Փրկարար ծառայության գեներալ-մայոր, փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ գործ ունենք տեղեկատվական ահաբեկչության հետ։
«Ստեղծված իրավիճակը փաստեց, որ տեղեկատվական անվտանգության պաշտպանական վահանը շատ թույլ է»,-փաստում է Գրիգորյանը։