Ով է կանգնած դպրոցներում ահաբեկչության մասին լուրերի հետևում․ Մարտիրոսյանը պարզաբանում է

Մեդիափորձագետը նշել է, որ տարածվող հայտարարությունները ներկայում էլ, ամիսներ առաջ էլ տարածվել են նաև այլ երկրներում ու քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Երևանի դպրոցներում և առևտրի կենտրոններում ահաբեկչության մասին լուրերի տարածողներն այլ երկրների հատուկ ծառայություններն են, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում ակտիվորեն տարածվում է մի հաղորդագրություն, ըստ որի՝ երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։
Նա ընդգծել է, որ այլ երկրների կասկածյալները շատ չեն, ու ձախ ձեռքի մատների 40%-ով կարող է դրանք թվարկել։
«Երեկվանից «Տելեգրամով» տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչև հարցը կլուծվի, բայց խուճապն արդեն տարածվել է։ Հայտարարությունները բառացիորեն կրկնում են այն կեղծիքները, որոնք այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում տարածվել են ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։ Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ խախտվածի համար»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը նախապատրաստվող ահաբեկչության մասին տարածվող տեղեկության մասին հայտնել էր իրավապահներին՝ խնդրելով ստուգել այն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով էլ` իրավապահները ստուգումներ են անցկացնում բոլոր դպրոցներում, այս պահին ԱԱԾ-ի ու ոստիկանության աշխատակիցներ կան նաև Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, որը կեղծ լուրի ցանկում հիշատակվում էր։