ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Այն, որ ծանր և առանձնպես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է, դա ավելի շատ պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` մեջբերելով ՀՀ դատախազության հրապարակած տվյալները։
«Դա կապված է նրա հետ, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել` բոլոր հանկարծամահությունների դեպքերում հարուցվում են քրեական գործեր։ Պրակտիկան ցույց է տալիս, որ դա արդարացված է, քանի որ թվում է` դա նման է հանկարծամահության, սակայն քրեական գործի շրջանակում պարզվում է, որ իրականում սպանություն է տեղի ունեցել»,– ասաց նա։
Փաշինյանը նաև նշեց, որ ծանր հանցագործություններն աճել են 27 տոկոսով։
«Հանցավորության դեմ պայքարն ինքը լուրջ մարտահրավեր է. ինչքան տնտեսությունը աճում է, զբոսաշրջիկների հոսքն ավելանում է, ու մենք շատ զգայուն ենք զբոսաշրջիկների հետ կապված հանցագործությունների նկատմամբ, քանի որ դա կարող է վատ իմիջ ստեղծել»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին ՀՀ դատախազությունը հրապարակել էր 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը, ըստ որի` 2023 թ. առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 798–ով կամ 90.7%–ով` կազմելով 1678 (2022 թ.՝ 880)։