ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Մատենադարանը և Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանը առաջիկայում հուշագիր կստորագրեն։ Տեղեկությունը հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր Մատենադարան են այցելել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հնությունների և զբոսաշրջության նախկին նախարար Խալեդ Ալ Էնանին և ՀՀ–ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի ցուցասրահներում, այցելեցին արխիվապահոց և Վերականգնման բաժին:
«Առանձնազրույցի ընթացքում ներկայացվել է Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաների, գիտահետազոտական աշխատանքների և կրթական ծրագրերի ոլորտներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել գործնական համակողմանի աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Եգիպտոսի միջև մշակութային և գիտական հաստատությունների կապերի խորացման ուղղությամբ: