ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Թեհրանն արաբական երկրների միջոցով Վաշինգտոնին հաղորդագրություն է փոխանցել, որ եթե ԱՄՆ-ն միջամտի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը, իրենք կհարձակվեն տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա: Տեղեկությունը հայտնում է «Axios»–ը՝ հղում անելով ամերիկյան երեք աղբյուրի։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «CBS News» հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, Վաշինգտոնում սպասում են, որ Իրանի հարձակումն Իսրայելի դեմ տեղի կունենա ապրիլի 12-ին, կարող են ավելի քան 100 ԱԹՍ և տասնյակ հրթիռներ կիրառվել ռազմական թիրախների դեմ:
Սիրիայի պաշտպանության նախարարությունն ապրիլի 1-ին հայտնել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքի ուղղությամբ իսրայելական օդուժի ավիահարվածի մասին: Հյուպատոսության շենքում է գտնվել նաև Սիրիայում Իրանի դեսպան Հուսեյն Աքբարիի նստավայրը, վերջինս հարձակման ընթացքում չի տուժել: Սիրիայի պաշտպանական գերատեսչության հայտարարության համաձայն՝ հյուպատոսության շենքը հրթիռային հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) տվյալներով՝ իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի յոթ սպա, այդ թվում՝ երկու բարձրաստիճան գեներալ-խորհրդական․ Սիրիայում և Լիբանանում ԻՀՊԿ-ի «Քուդս» ուժերի հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին, ինչպես նաև նրա տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել Դամասկոսում գլխավոր հյուպատոսության ուղղությամբ Իսրայելի ավիահարվածին: