ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Հայաստան–Իրան չվերթերի հաճախականության ավելացման հարցերն է քննարկել ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել նաև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։
«Քննարկվել են չվերթերի հաճախականության ավելացման հարցերը, ինչպես նաև երկու երկրների տարբեր քաղաքների միջև հաղորդակցության հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցին։
Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ժամանակ ավելի առարկայական քննարկել երկուստեք հետաքրքրության հարցերը։