Անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցներում ահաբեկչության լուրերի մասին

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ հանրապետության դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում ակտիվորեն տարածվում է մի հաղորդագրություն, ըստ որի՝ երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։
««Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: Հորդում ենք ծնողներին և ուսուցիչներին՝ տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել»,- ընդգծեցին նախարարությւնից։
Գերատեսչությունից շեշտեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։
ԿԳՄՍՆ–ն մշակում է դպրոցներում անվտանգության ստանդարտի նոր նկարագիր։ Այս մասին էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով դպրոցների անվտանգության մասին հարցին։
«Այս պահին դպրոցներում ելումուտը խիստ կանոնակարգված է և կողմնակի անձանց մուտքը դպրոցներ չի թույլատրվում։ Ի դեպ, ՀՀ դպրոցները միջազգային հետազոտությունների համաձայն, համարվում են աշխարհում ամենաապահով դպրոցներից»,– ասաց նա։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան էլ հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից:
Նշենք, որ մեդիափորձագետները վստահեցնում են՝ լուսանկարը, որը տարածվում է, հին է և արված է այլ երկրում։