Քաղաքապետը ավագանին դիտարկում է որպես իր որոշումները դակող մարմին . Իզաբելլա Աբգարյան

Sputnik
Երևանի քաղաքապետարանը մտադիր է նոր փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու կանոնակարգում։ Եթե գործող կարգով ավագանու ընդդիմադիր խմբակցությունները յուրաքանչյուր հարցի քվեարկությունից առաջ կարող են մինչև 3 անգամ 15 րոպեանոց ընդմիջումներ վերցնել` հարցը քննարկելու համար, ապա փոփոխությունից հետո միայն մեկ անգամ կկարողանան օգտվել այդ իրավունքից։
Որոշման նախագիծը ավագանու նիստում կքննարկվի ապրիլի 16-ին։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը հանգամանալից քննարկելու է այսօր։Մինչ այդ, սակայն ընդդիմադիր խմբակցությունում վստահ են, որ այս փոփոխության նպատակը ընդդիմության գործունեությունը հերթական անգամ սահմանափակելն է, որպեսզի խմբակցությունները քվեարկությունից առաջ չկարողանան քննարկել հարցերը։
«Քաղաքապետը ավագանին դիտարկում է որպես իր որոշումները դակող մարմին և ոչ որպես հակակշիռ, ոչ որպես առանձին իշխանություն Երևանում։ Ավինյանն շտապում է, ամիսը մեկ անգամ գումարվող նիստն արագ ավարտել, որ այդ 15 րոպեներն էլ չկարողանան վերցնել»,– Sputnik Արմենիային ասել է «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։