ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Շաքարավազի ներմուծմամբ և վաճառքով զբսղվող «Ա․․․» ՍՊԸ-ի տնօրենը խուսափել է հարկեր վճարելուց՝ շաքարավազի վաճառքը շուկայականից էականորեն ցածր գներով ձևակերպելու միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Վերոնշյալ ՍՊԸ-ի տնօրենը նաև առանց հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և գործող շուկայական գներով իրացրել է շաքարավազը տարբեր տնտեսվարող սուբյեկտների։
«Ընկերության տնօրենը շաքարավազի հերթական խմբաքանակը ՀՀ տարածք ներմուծելուց հետո առանց որևէ ուղեկցող փաստաթղթի մատակարարել է Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկում պարենային ապրանքների առևտրով զբաղվող «Մ․․․» ՍՊԸ-ին։ Այնտեղի խուզարկությամբ հայտնաբերվել է «Ա․․․» ՍՊԸ-ի մատակարարած 10տ շաքարավազը, ինչպես նաև «Մ․․․» ՍՊԸ-ում կիրառվող առևտրային ծրագրի էլեկտրոնային շտեմարանը պարունակող համակարգիչը»,- ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ «Մ․․․» ՍՊԸ-ն իր հերթին 2020-2023թթ. ընթացքում վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել ՀԴՄ կտրոններ, թաքցրել է շրջանառությունը, չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկերը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ Քրեական վարույթով «Մ․․․» ՍՊԸ–ի հիմնադիրը և տնօրենը ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո «Մ…» ՍՊԸ-ի պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել են նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 250․000․000 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն ապրիլի 10-ին էլ հաղորդագրություն էր տարածել տնտեսվարող սուբյեկտի կողմից հերթական առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մասին։ Այդ գործի շրջանակում էլ 300 մլն դրամ էր վճարվել պետբյուջե։