ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության առաջարկած ԱԺ հայտարարության նախագիծն այսօր ԱԺ նիստում չընդունվեց։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ փակ նիստից մեկ–երկու ժամ առաջ է իրենց փոխանցվել հայտարարության տեքստը, ու բացի այդ` հայտարարության կազմման աշխատանքներին, ըստ էության, իրենք չեն մասնակցել։
«Բացի այդ, հայտարարության տեքստում կան մի շարք դրույթներ, որոնք, որպես այդպիսին, առնչություն չունեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հետ։ Հետևաբար, ՔՊ–ն չի մասնակցի քվեարկությանը»,– հայտարարեց նա։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վարման կարգով ասաց, որ հայտարարության տեքստն այսօրվանից պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ, և քաղաքական մեծամասնությանը հնարավորություն կտրվի աշխատել այդ նախագծի վրա։
Հայտարարությունը չընդունվեց քվորումի բացակայութան պատճառով. կողմ էր քվեարկել 105 պատգամավորից 31–ը, դեմ` 1–ը։ Վերջինը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից էր։