ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Հայաստանի Հանրապետությունում։ Տեղեկությունը հայտնում է «India Today»–ը։
Նշվում է, որ Նյու Դելին ռազմական կցորդներ կուղարկի աշխարհի 10 երկիր, այդ թվում՝ Հայաստան:
Որոշ երկրներ առաջին անգամ կընդունեն Հնդկաստանի ռազմական ներկայացուցիչներին, մյուս երկրներում կթարմացվի կամ կամրապնդվի առկա ռազմադիվանագիտական անձնակազմը։ Շեշտը դրվում է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։
Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանը ակտիվ զարգացնում են ռազմական համագործակցությունը։ Բարձր մակարդակի այցեր են եղել, բանակցությունների ընթացքում կնքվել են հարյուրմիլիոնավոր դոլարների պաշտպանական գործարքներ: