Հայաստանում տեղյակ չեն օդային միջանցքի մասին, որն ուզում է բացել Հնդկաստանը

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում
Գերատեսչություններից նշել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջեւ փոխգործակցության բավականին ակտիվ օրակարգ կա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլ— Sputnik. Հայաստանում տվյալներ չունեն Երևանի և Դելիի միջև օդային միջանցքի գործարկման շուրջ պայմանավորվածության մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Հնդկական IADN գործակալությունը մարտի 10-ին հայտնել էր, որ Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում` ռազմավարական նշանակության ապրանքներ արտահանելու նպատակով: Երկրների միջև լոգիստիկան ամրապնդելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել։
ԱԳՆ–ից և ՏԿԵՆ–ից հետաքրքրվել էինք, թե ինչ օդային միջանցքի մասին է խոսքը, ինչ աշխատանքներ են տարվում այս պահին, և ինչ նշանակություն կունենա դա Հայաստանի համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։
«Միաժամանակ նշում ենք, որ Հայաստանի օդային տարածքը բաց է ինչպես տարանցիկ, այնպես էլ ոչ տարանցիկ քաղաքացիական թռիչքների համար։ Իսկ ոչ քաղաքացիական օդանավերով թռիչքներ իրականացնելու թույլտվությունը տրամադրում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը», - ասված է պատասխանում։
ԱԳՆ–ից էլ պատասխանել են, թե Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա է բավականին ակտիվ օրակարգ կա, համագործակցությունը զարգանում է ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ կապի և հաղորդակցության զարգացման ուղղությամբ։