ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Երևանում և հարակից մարզերում օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 27 վարորդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ փոշու արտանետումների նվազեցման նպատակով տեսչական մարմինը ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում:
«Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը լինելու են շարունակական:
Հավելենք, որ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 50000 դրամով, իսկ իրավաբանական անձը`150 000 դրամով։
Կրկնակի խախտումների դեպքում` ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափը 100 000 դրամ է, իրավաբանական անձանց նկատմամբ` 300 000 դրամ։