ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանում կեղծ դոլարներ իրացնելու կասկածանքով 2 երիտասարդներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Իրավապահները Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 27 և 28 տարեկան 2 երիտասարդի, որոնցից մեկը Աշտարակ քաղաքի բնակիչ է, մյուսը` Բուժական գյուղի»,– ասված է հաղորդագրությունում
Աշտարակցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է չորս կեղծ 100 դոլարանոց:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին Երևանի տոնավաճառներից մեկի մոտ իրացրել են կեղծ 800 դոլար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: