ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Մենք ճիշտ ուղով ենք շարժվում ու գոնե մեր պարտությունից կարողացել ենք դասել քաղել։ ՀՀ խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ իր այդ մտքի համար հիմք է հանդիսացել սահմանազատման հարցերով ԱԺ փակ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած իրողությունները։
«Երբ մենք տարի ու կես ուսումնասիրում էինք քննիչ հանձնաժողովում, թե ինչու պարտվեցինք, մենք հասկացանք, որ շանս չունեինք հաղթելու։ Հակառակորդը նկարահանել է մեր ինժեներաշինարարական աշխատանքների որակը. դրանք բառիս բուն իմաստով ամրոցներ են։ Դրանք լինելու են շատ, ու ՀՀ ողջ սահմանագիծը գծելու են։ Իսկ դա նշանակում է պետական սահմանի պաշտպանություն»,– հայտարարեց նա։
Այնուհետև, Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց Չինական պարսպի հետ` նշելով, որ կառուցվելով 225 տարի առաջ` Չինաստանի առաջին կայսեր նպատակն այն էր, որ դրանով առաջին անգամ գծվեց պետական սահմանը և ամրագրվեց` այն, ինչ մերն է, ուրեմն մերն է, իսկ այն, ինչ մերը չէ, ոչ մի ցանկություն չունեմ շարժվելու այդ պարսպից դուրս։
«Երբ ճիշտ ես մտածում, ապա ունենում ես այն հաջողությունները, որ այսօր Չինաստանն արձանագրում է։ Դա այն գաղափարն է, որ մեզ տալիս է տիրոջ զգացումը, որն էլ իր հերթին տալիս է պետականությունը պահպանելու և ամրացնելու անհրաժեշտություն»,– ընդգծեց Քոչարյանը։
Նա որոշեց իր ելույթը եզրափակել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի խոսքերով (շփոթելով և Մաթևոսյանի փոխարեն ասելով «Հրանտ Բագրատյանի խոսքերով»)` ասելով, որ այս խոսքերն անընդհատ որպես աֆորիզմ պետք է մեր աչքի առաջ ունենանք. «Խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս, հասնես լուսավոր 20–րդ դարի շեմին ու կոտրվե՞ս։ Բա, հիմա գաս ու հասնես 3–րդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս»։