ԱԷԿ-ի վրա հարձակումները հանգեցրել են հակամարտության կարևոր հետևանքներ ունեցող փուլի․ Գրոսի

ԶԱԷՍ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի մոտ, բլոկների քանակով և տեղարված հզորությամբ ամենախոշոր ատոմակայանն է Եվրոպայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումները հանգեցրել են հակամարտության չափազանց կարևոր հետևանքներ ունեցող փուլի։
Ինչպես նշվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումները միջուկային անվտանգության սպառնալիքների լուրջ էսկալացիա են նշանավորել՝ զգալիորեն մեծացնելով միջուկային վթարի վտանգը։
Նախորդ կիրակի ԶԱԷԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր 6-րդ էներգաբլոկի գմբեթի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Նշվում էր, որ լուրջ վնասվածքներ չկան։ Ավելի վաղ հաղորդվել էր ճաշարանի, ինչպես նաև բեռնատար նավահանգստի շրջանում ԱԹՍ-ների հայտնվելու մասին։ Այնուհետև երկուշաբթի կայանի շրջակայքում խոցվել է ուկրաինական կամիկաձե դրոնը։
Այն ընկել է 6-րդ էներգաբլոկի տանիքի վրա, ԱԷԿ-ի անվտանգության սահմանները խախտելու սպառնալիքներ չեն գրանցվել։ Երեքշաբթի Ուկրաինայի ԶՈւ-ն դրոնով հարձակվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի եզակի սրահի վրա, որտեղ գտնվում է աշխարհում միակ լայնամասշտաբ ռեակտորային մարզասարքը։
Ինչպես հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, Ուկրաինան ամենօրյա պրակտիկա է դարձրել ԶԱԷԿ-ի վրա հարձակումները, իսկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտնել է, որ ռուսական կողմը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Կիևի ռեժիմի անպատասխանատու և խիստ վտանգավոր գործողությունները։
ԱԷԿ-ի դեմ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների և սադրանքների կապակցությամբ Ռուսաստանը պահանջել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նստաշրջան գումարել: Բացի այդ, Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի լրջության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված իր ուղերձում հաջորդ շաբաթ կհայտարարի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
ԶԱԷՍ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների քանակով և տեղարված հզորությամբ ամենախոշոր ատոմակայանն է Եվրոպայում. կայանում կա 6 էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը անցել է ՌԴ-ի սեփականությանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքում ոչ ոք չի ասում, թե ուկրաինացիները գնդակոծում են Զապորոժիեի ԱԷԿ-ը և աղմուկ են հրահրում՝ ամեն ինչում մեղադրելով Ռուսաստանին: Նա հավելել էր, որ Կիևը խոսում է միջուկային զենք ունենալու ցանկության մասին, ընդ որում՝ անընդհատ հայտարարում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը ՌԴ-ն է գնդակոծում։