ՔԿ–ն բացահայտել է խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք, պետբյուջե է վճարվել 300 մլն դրամ

Գործով նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանում բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների մասերի ու այլ պարագաների ներմուծմամբ և առևտրով զբաղվող ընկերության տնօրենը և հաշվապահը 2016 թվականի սեպտեմբերից 2020 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը, այն է՝ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրվել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրվել հարկային հաշիվներ։ Դրանից բացի հարկային հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենին և հաշվապահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ընկերության հիշյալ պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե վճարել 300 միլիոն ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք