ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ամերիկյան «GTH Consulting» խորհրդատվական ընկերության պատվիրակությանն ու քննարկել հանրապետությունում ԴՆԹ տվյալների քրեագիտական բազայի ստեղծման հետ կապված հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
«GTH Consulting»-ն աշխարհում ճանաչված է որպես դատաբժշկական ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման և վարման օրենսդրության մշակման ոլորտում մասնագիտացած ընկերություն, որը համագործակցում է տարբեր երկրների դատաբժշկական ԴՆԹ լաբորատորիաների, իրավապահ մարմինների և պատկան այլ կառույցների հետ։
Այվազյանը նշել է, որ ՀՀ ՔԿ-ն կարևորում է Հայաստանում միջազգային չափանիշներին համահունչ դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման հարցը։
«GTH Consulting» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիմ Շելբերտն էլ նշել է, որ պատրաստ են աշխարհի բազմաթիվ երկրներում իրենց փորձագիտական ներգրավվածության փորձառությունը փոխանցել Հայաստանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քննչական մարմինների գործառույթները, փորձաքննությունների նշանակման և դրանցով ստացված տվյալների կիրառելիության, ԴՆԹ տվյալների բազայի վերաբերյալ մինչ այժմ իրականացված իրավական գործընթացները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։