Պատմական և իրական Հայաստանները համատեղելի չեն․ Փաշինյան

Կառավարության ղեկավարը վստահ է, որ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, որտեղ հայտնվելով՝ մենք փրկչի և հովանավորի կարիք ենք ունենալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022թ․ արձանագրեցինք, որ ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, և մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, և այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ միայն 2022թ․ սեպտեմբերյան պատերազմից հետո է համոզվել, որ ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է կարող լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգության ապահովման համար։
Դրանից հետո է, ըստ Փաշինյանի, որ մեկնարկեց իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման գործընթացը։ Վարչապետի կարծիքով՝ երկու Հայաստանների միջև սահմանագծման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Հակառակը՝ կառավարության ղեկավարը վստահ է, որ պատմական և իրական Հայաստանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացն ավելի ցավոտ է ընթանում։
«Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործող է պատմական Հայաստանի համար, և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ սրանով էլ պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք պետությունների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունն էլ սահմանափակող գործոն է այդ երկրների՝ ՀՀ-ի տարածքների նկատմամբ ունեցած ախորժակի համար։
Վերջնական որոշում դեռ չկա. ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Փաշինյանի կարծիքով՝ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, որտեղ հայտնվելով՝ մենք փրկչի և հովանավորի կարիք ենք ունենալու։
«Որպես ՀՀ վարչապետ՝ ինձ պարտավոր եմ համարում արձանագրել և բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա»,- ասաց Փաշինյանը։ Վստահ է, որ պետք է արձանագրել նաև՝ պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը։
Իսկ ո՞րն է իրական Հայաստանը։ Ըստ Փաշինյանի՝ այն Հայաստանն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ։
Ըստ Փաշինյանի՝ Տավուշի հատվածում սահմանազատման իրականացումը չի երաշխավորում նաև այն, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր մոտ 3 տասնյակ գյուղերի կենսական տարածքները։
«Սակայն նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական տարածքները, և նախ այս նեգատիվ երաշխիքը պետք է չեզոքացնենք»,- հայտարարեց Փաշինյանը։