ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Եթե 2021թ–ի մայիսին ՀՀ–ն ռազմական գործողություններ սկսեր Խոզնավարում, ապա դա կբերեր ՀՀ պետականության փաստացի լուծարման։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով 2021թ–ի մայիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը Խոզնավարի հատվածում և ՀԱՊԿ գործողություններին։
Վարչապետը նշեց` այն ժամանակ որոշ ուժեր ՀՀ–ից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի ՀԱՊԿ–ը գա օգնության։ Այնինչ, ըստ Փաշինյանի, ՀԱՊԿ–ի դե յուրե պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում։
«Հետո պետք է պարզվեր, որ 2021թ–ին ՀԱՊԿ–ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի ՀՀ–ին դուրս էր բերելու անվտանգային երաշխիքների իր համակարգից»,– ասաց նա։
Վարչապետը նշեց, որ եթե կառավարությունը տուրք տար իր էմոցիաներին, իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով` ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքի խորքում, ԱԺ ընտրությունների տապալում, խաղաղապահների մուտք, դրածո իշխանություններ և ՀՀ պետականության փաստացի լուծարում։