ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - ասաց նա։
Նա նշեց, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան: Զախարովան այս կապակցությամբ նշեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների մասին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու հարցում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։
Զախարովան ընդգծեց, որ Արևմուտքը տարածաշրջանում ապակայունացման կեղտոտ խաղ է սկսում, իսկ Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ։
«Ռուսաստանը գործել է շահ տարածաշրջանի խաղաղության և ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների։ Դա կոնյունկտուրային խաղ չի եղել», - ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ` հայտարարելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։