ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Մեծ Բրիտանիան և Ուկրաինան պաշտպանության և արդյունաբերության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին նոր համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բրիտանական կառավարության հայտարարությանը։
Նշվում է, որ ստորագրումը տեղի է ունեցել Կիևում՝ «Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն առևտրային առաքելության» այցի շրջանակներում, որը բաղկացած է եղել 29 տարբեր ընկերությունների ներկայացուցիչներից:
Բրիտանական իշխանությունների հայտարարության համաձայն՝ համաձայնագիրը կօգնի բարելավել «Ուկրաինայի ռազմական գործողությունների» արդյունավետությունը: Այն նաև կոչված է ապահովել երկու երկրների համատեղ աշխատանքը անվտանգության ոլորտում խնդիրների լուծման համար, ամրապնդել պաշտպանական արդյունաբերությունը և առաջիկա ամիսներին խոշոր համատեղ նախագծեր իրականացնել։
Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ համագործակցության այդպիսի ամրապնդման արդյունքը կարող են դառնալ «տասնյակ նախագծեր»՝ Ուկրաինայում ռազմական վերանորոգման հզորությունների ստեղծումից մինչև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնում և կիբերհարձակումներից պաշտպանվելու տեխնոլոգիաների ներդրում:
Բացի այդ, Բրիտանիայի խոշորագույն պաշտպանական BAE Systems ընկերությունը բրիտանական պաշտպանության նախարարության հետ համաձայնեցրել է Կիևին փոխանցված L119 զենքերը Ուկրաինայի տարածքում սպասարկելու և վերանորոգելու մասին պայմանագիրը: