ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը. արխիվային լուսանկար
Ըստ ՀՀ վարչապետի` Իրանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի — Sputnik. Երևանը Բրյուսելի հետ համագործակցությունը չի զարգացնում Թեհրանի հետ հարաբերությունների հաշվին։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին ընդգծեց Հայաստանի հատուկ մոտեցումը Իրանի հետ համագործակցության հարցում։
«Մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ։ Ընդ որում` Արևմուտքի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին և հակառակը»- եզրափակեց նա։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին, մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանդիպումը, հայտարարել էր, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ:
Նա կարևորել էր տնտեսական համագործակցության ամրապնդումն ու կապերի ընդլայնումը։ Քանանին ընդգծել էր, որ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: