ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը կազմակերպում է «Եվրատեսիլ-24»-ը, դատապարտում է համացանցում իսրայելցի մասնակից Էդեն Գոլանի դեմ հարձակումները՝ համարելով, որ արտիստները պատասխանատվություն չեն կրում այն որոշման համար, որը թույլ է տալիս նրանց մասնակցել մրցույթին: Այս հայտարարությունը հրապարակվել է մրցույթի կայքում։
«EBU-ն ընդունում է, որ Մերձավոր Արևելքում ընթացող սարսափելի պատերազմի ֆոնին «Եվրատեսիլ» երգի մրցույթը զգացմունքներ ու կարծիքներ է առաջացնում։ Մենք հասկանում ենք, որ մարդիկ ցանկանում են բանավեճի մեջ մտնել և իրենց տեսակետներն արտահայտել այս հարցի շուրջ: Բոլորիս տպավորել են պատկերները, պատմությունները և այն անվիճելի ցավը, որ ապրում են մարդիկ Իսրայելում և Գազայում․.. Ու թեև մենք աջակցում ենք խոսքի ազատությանն ու արտահայտվելու իրավունքին, միաժամանակ խստորեն դեմ ենք ցանկացած վիրավորանքի, ատելության խոսքի կամ հետապնդման ցանկացած ձևի, որն ուղղված է մեր արտիստների կամ մրցույթի հետ կապված ցանկացած անձի դեմ»,- նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ-2024»-ի կազմակերպիչները մարտին հաստատել էին, որ Իսրայելին կթույլատրվի մասնակցել երաժշտական մրցույթին՝ չնայած Գազայի հակամարտության ֆոնին իսրայելցի կատարողի ելույթն արգելելու մի քանի երկրների ներկայացուցիչների կոչերին։ Իսրայելի ներկայացուցիչը կլինի 20-ամյա երգչուհի Էդեն Գոլանը։