Միրզոյանը վստահեցրեց, որ փակ քննարկմանն ինքը վախեցած չի եղել ու մի դրվագ պատմեց

Ալեն Սիմոյանը հայտարարեց, որ արդար չէ, երբ նիստի ժամանակ մի բան են ասում, իսկ նիստից հետո` այլ բան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել երեկվա ԱԺ փակ քննարկումից հետո ընդդիմադիրներից մեկի այն խոսքերը, թե Միրզոյանը շատ վախեցած էր։
«Շատ կուզենայի, որ Դուք մեկնաբանեք, քանի որ, չնայած մենք պայմանավորվել էինք, որ հանդիպումը փակ է, սակայն հնչում են ընդդիմադիր գործընկերների մեկնաբանությունները, ես կուզենայի, որ Դուք նույնպես անդրադառնայիք երեկվա մեր հանդիպմանը»,– նշեց Սիմոնյանը։
Սահմանազատման և սահմանագծման թեմայով փակ քննարկումն ԱԺ-ում բավականին թեժ է անցել. ԶԼՄ
Արձագանքելով` Արարատ Միրզոյանն ասաց, որ այն բակում, որտեղ ինքը մեծացել է, առերես չարտահայտվող, սակայն հետևից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ գնահատական էին տալիս։

«Ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, քանի որ հարիր չեմ համարում խորհրդարանին։ Ես ուրիշ դրվագ եմ հիշում. երբ պատասխանում էի ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, որ ես մուննաթ եմ գալիս նրանց վրա, մեղադրական տոնով եմ խոսում, սակայն չեմ հիշում, որ ինչ–որ մեկն ասեր, թե` այս ի՞նչ վախեցած եք խոսում, պարոն Միրզոյան։ Նաև շնորհակալություն էին հայտնում ինձ»,– հայտարարեց նախարարը։

Նա ավելացրեց` հաշվի առնելով, որ նիստը փակ էր, փորձել է ռացիոնալ քննարկում ծավալել` հույս ունենալով, որ իրենց խոսքերը չեն հասնի այլ մայրաքաղաքներ։
«Համենայն դեպս, իմ տպավորությունն այն էր, որ այդ մարդիկ էլ էին ընդունում ՀՀ սահմանի գոյությունը, նրանցից ոմանք գիտեին նաև, թե այդ սահմանը որտեղով է անցնում։ Այդ պատճառով նիստից հետո այդ հոխորտանքներն առնվազն անիմաստ եմ համարում»,– ընդգծեց նա։
Ալեն Սիմոյանն ավելացրեց, որ արդար չէ, երբ նիստի ժամանակ մի բան են ասում, իսկ նիստից հետո` այլ բան։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր ասել, որ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ վախեցած է եղել։
Հիշեցնենք` ապրիլի 9–ին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ սահմանազատման և սահմանագծման թեմայով փակ քննարկում էր կազմակերպվել։ ՀՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն, չեն մասնակցել քննարկմանը։