ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. ԱՊՀ պետությունների համար ահաբեկչության սպառնալիքների առաջացման և զարգացման վրա ազդող հիմնական գործոններն են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների բարձր ակտիվությունը Աֆղանստանի տարածքում, Սիրիա-իրաքյան գոտում, ինչպես նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին հայտարարել են ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային հակաահաբեկչական կենտրոնների (ՀԱԿ) ղեկավարների (շտաբների պետերի) խորհրդակցության մասնակիցները:
Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ 9 պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իրավասու մարմինների ներկայացուցիչներ:
Նշվել է, որ ահաբեկչական վտանգն էապես ուժեղացնում են ԱՊՀ մասնակից պետությունների տարածք զենքի և զինամթերքի ապօրինի ներկրման, հանցավոր գործունեության մեջ տեղեկատվական և տեխնիկական նորագույն նվաճումների (արհեստական բանականության տեխնոլոգիաներ, անօդաչու համակարգեր և այլ ռոբոտային համալիրներ) օգտագործման աճող ռիսկերը:
Պահպանվում են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի, արդյունաբերության օբյեկտների կառավարման համակարգերի, վառելիքաէներգետիկ համալիրի և տրանսպորտի վրա կիբեռհարձակումների սպառնալիքները։