ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը ներդրումներ կանի այն ձեռնարկություններում, որոնք 2002 թվականին որպես պարտքի մարում փոխանցվել են նրան: Այս մասին կառավարության ծրագրի կատարման քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Վարչապետը հավելել է, որ այդ հարցը քննարկել է նաև ռուս գործընկերոջ հետ։
«Մենք քննարկել ենք այդ օբյեկտների հետ կապված թեման։ Մեր խնդրանքը, մեր կոչը վերաբերում էր ոչ թե նրան, որ մենք ուզում ենք հետ վերցնել դրանք, այլ ներդրումներ իրականացնելուն, քանի որ այդ օբյեկտների ներուժը չի օգտագործվել»,- ասաց Փաշինյանը։
Մասնավորապես, քննարկվել է «Մարս» գործարանի գործունեության հարցը։ Այնտեղ արտադրական նշանակության հսկայական տարածքներ կան, բայց միայն մի փոքր մասն է զբաղված։
Փաշինյանը շեշտել է՝ հզորությունները պետք է աշխատեն, որպեսզի ծառայեն տնտեսական զարգացմանը։