ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքարի ճանապարհին այսօր զինված հարձակում է եղել «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վրա, հափշտակել են 36 կգ ոսկյա ձուլակտոր, 293 մլն ռուբլի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեից հայտնում են, որ այսօր առավոտյան ժամը 07:55–ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են։
Պարզվել է, որ ժամը 07:10-ի սահմաններում դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։
Փարաքարի ճանապարհին զինված հարձակում է եղել
© Photo : press office of the Investigative Committee of RA
Այնուհետև դիմակավորված անձինք, արցունքաբեր գազ կիրառելով, երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և պայուսակների մեջ եղած մոտ 1 մլրդ 24 մլն դրամ գումարին համարժեք շուրջ 36 կգ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 մլրդ 216 մլն դրամին համարժեք 293 մլն ռուբլի գումարը և դիմել փախուստի:
Նշվում է, որ դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունների կրիչն առգրավվել է, վերցվել են նաև նշված անձանց ամրացված ձեռնաշղթաները:
Դեպքի առթիվ առերևույթ զինված հարձակում և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ: