Թուրքիան կսահմանափակի պողպատի, ավիավառելիքի և այլ կարևոր ապրանքների մատակարարումն Իսրայել

Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է Գազայում տիրող իրավիճակի պատճառով Իսրայելի հետ առևտրի ծավալների զգալի նվազման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Թուրքիայի առևտրի նախարարությունը որոշել է ապրիլի 9-ից սահմանափակել արդյունաբերական ապրանքների միանգամից 54 կետի գծով արտահանումը Իսրայել։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Գազայում շարունակվող ռազմական գործողությունների և մարդասիրական բեռների առաքման ճանապարհին խոչընդոտների պատճառով Թուրքիայի իշխանությունը որոշել է այդպիսով կրճատել առևտուրը Իսրայելի հետ:
Մասնավորապես՝ սահմանափակումներ են մտցվել պողպատից, ալյումինից որոշ տեսակների, ներկի, էլեկտրական մալուխների, ավիավառելիքի, յուղերի, պարարտանյութերի, արդյունաբերական տեխնիկայի վրա:
Երկրի առևտրի նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրի ծավալը նվազել է 33%-ով՝ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Թուրքիայի արտահանումն Իսրայել նվազել է 30%-ով, իսկ այդ երկրից ներմուծումը նվազել է 43,4%-ով: