ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն զգալի առաջընթաց են գրանցել Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվների փոխանցման շուրջ քննարկման հարցում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ հայտնի է, որ Ուկրաինային գումար է պետք` սառեցված ռուսական սուվերեն ակտիվների տեսքով։ Մենք զգալի առաջընթացի ենք հասել փոխադարձ ընդունելի հիմքով այդ միջոցներին հասանելիություն ստանալու ուղիների որոշման հարցում»,-նշել է ԱԳ նախարարը։
Քեմերոնը նաև հստակեցրել է, որ ռուսական ակտիվներին հասանելիություն ստանալու մեթոդը կհնչեցվի«Մեծ յոթնյակի» (G7)` հունիսին կայանալիք գագաթնաժողովում:
Ապրիլի սկզբին հայտնի էր դարձել G7-ի հանդիպման ժամանակ քննարկման համար առաջարկների նախապատրաստման մասին, որոնք վերաբերում են սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի օգտին վերաբաշխելուն: