ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Օրենբուրգում առաջիկա ժամերին կարող է արտակարգ տարհանում հայտարարվել, իշխանությունը քաղաքացիներին հորդորում է տարհանվել՝ չսպասելով ջրի հոսքին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը։
Ժամը 19: 00-ին քաղաքում տագնապի ազդանշան է հնչել:
«Նախազգուշացմանը լուրջ վերաբերվեք։ Առաջիկա ժամերին կարող է արտակարգ տարհանում հայտարարվել։ Դիմում եմ «Գրանդ պարկ» համալիրի բնակիչներին, Սոլնեչնի և Կույբիշևի անվան գյուղերի բնակիչներին, քաղաքի հարավային մասում գտնվող Զարեչնի միկրոշրջանի մոտ բնակվողներին: Ժամանակ մի՛ կորցրեք։ Ավելի լավ է` երեխաներին, տարեցներին և հաշմանդամներին, կենդանիներին հանեք տներից՝ չսպասելով ջրի հոսքին»,- գրել է քաղաքապետը Telegram-յան ալիքում։
Նա կոչ է արել հավաքել փաստաթղթերը և արժեքավոր իրերը, հեղեղումների գոտուց դուրս բերել ավտոմեքենաները:
Նշենք, որ Օրենբուրգի մոտ Ուրալ գետի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է՝ հասնելով 914 սանտիմետրի։ 930 սմ–ի դեպքում մի շարք տարածքներ կհեղեղվեն։
Հիշեցնենք` այս տարի Հարավային Ուրալի շրջաններում ռեկորդային հեղեղումներ են գրանցվել։ Ամենաբարդ իրավիճակը Օրենբուրգի մարզում է։ Ապրիլի 5-ին այնտեղ փլուզվել է Օրսակը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը։ Բնակիչների զանգվածային տարհանում է իրականացվել։ Հեղեղվել է 6995 բնակելի տուն՝ տնամերձ հողամասերով։ Հեղեղված տներից տարհանվել է 2493 մարդ, այդ թվում՝ 797 երեխա։