Մորթիր ինքդ. տեսուչներն արգելում են մսի վաճառքը, սպանդանոցները սպասում են հաճախորդներին

Մսի վաճառք. արխիվային լուսանկար
Գործարարը մորթի խնդիրը կարգավորելու համար ծրագիր է մշակել ու ներկայացրել կառավարությանը։ ՍԱՏՄ–ում տեղյակ են Հրայր Հակոբյանի առաջարկի մասին, բայց, ասում են, որ այն իրենց իրավասությունից դուրս է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Որ Հայաստանում սպանդանոցային մորթի խոստացված մշակույթն այդպես էլ չի կայանում, ո՛չ սպանդանոցն է մեղավոր, ո՛չ գյուղացին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Շիրակի մարզի Մարալիկ համայնքի սպանդանոցի սեփականատեր Հրայր Հակոբյանը։
2023թ–ի դեկտեմբերի 6-ից Հայաստանում ուժի մեջ է մտել սպանդանոցային մորթի պարտադիր պահանջն ամրագրող օրենքը, որի համաձայն` մեր երկրում արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։ Ապրիլի 9-ին Գյումրիում, մսի վաճառքի կետերում ստուգումներ են իրականացվել, ինչը վրդովեցրել է մսավաճառներին։ Նրանց մեկ շաբաթ ժամանակ է տվել խնդիրները կարգավորելու համար։
Հակոբյանը պատմեց, որ մինչ սպանդանոց հիմնելը ինքն անձամբ է ուսումնասիրել շուկան, պարզել, որ Շիրակի մարզում ամեն գյուղում շաբաթական 8-9 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է մորթվում։ Այդ հաշվարկն էլ հիմք է ընդունել ու պետական աջակցության ծրագրով բացել սպանդանոցը։
Բայց ակնկալած հաճախորդների քանակն այդպես էլ չի ապահովվել, և նա 5 աշխատակիցներին ստիպված ուղարկել է տուն։ Չնայած դրան`պատրաստ է ամեն պահի նորից հետ կանչել, բացել սպանդանոցը, եթե հաճախորդ լինի։
«Մենք պատրաստ ենք նորից բացել։ Կնոպկեն սեղմենք, կաշխատի` իր բոլոր նորմատիվներով, ամեն ինչով»,– վստահեցրեց սեփականատերը։
Իսկ իր անասունը սպանդանոց չբերող գյուղացուն Հակոբյանը չի մեղադրում, հասկանում է նաև նրանց մտահոգությունը։
«Գյուղացին պետք է մի կովը 30-50 կմ տարածություն տեղափոխի, 5-10 հազար դրամ էլ վճարի մորթելու համար։ Իրենք սխալ չեն ասում, որ դրանից հետո իրենց ի՞նչ պիտի մնա»,– ասաց մեր զրուցակիցը։
Հակոբյանի խոսքով` նույնիսկ օրենքի խստացումը մսի շուկայում իրավիճակ չի փոխել։
Նա խնդիրը կարգավորելու համար նույնիսկ ծրագիր է մշակել ու ներկայացրել կառավարությանը` առաջարկելով յուրաքանչյուր գյուղում մեկական փոքր սպանդանոց հիմնել` սանիտարական բոլոր նորմերով ու ինքնասպասարկմամբ։
«Այսօր ՀՀ–ում շատ տարածված են ավտոմեքենաների լվացման «լվա ինքդ» կետերը։ Ես առաջարկում եմ ամեն գյուղում դրանց նման մի հատ «մորթիր ինքդ» սպանդանոց բացել և հայտարարել, որ ով ուզում է իր անասունը ինքը մորթել, թող գնա, 3 ամսվա կուրսեր անցնի, ստանա մորթողի լիցենզիա և գա իր անասունը ինքը մորթի։ Էսօր տեխնիկան այնքան զարգացած է` կամերան դրված է, վերահսկելը շատ հեշտ է։ Պարտադիր պայման է, որ ամեն գյուղում լինի բժիշկ, որը մորթի պահին ներկա կլինի սպանդանոցում»,– ասում է Հակոբյանը։
Նա համոզված է, որ այս տարբերակը լիարժեք կաշխատեր հայաստանյան գյուղերում, գյուղացին էլ կօգտվեր այդ հնարավորությունից` իր անասունը իր գյուղում կմորթեր, չէր մտածի ո՛չ անասունը տասնյակ կիլոմետրեր տեղափոխելու, ո՛չ էլ օրենքը շրջանցելու մասին։
Բացի այդ, Հակոբյանը նշում է, որ գյուղացին այսօր էլ իր անասունն ինքնուրույն չի մորթում. ամեն գյուղում, նրա խոսքով, 2-3 մորթողն կա, որոնց անհրաժեշտության դեպքում կանչում են, վճարում։ Նրա առաջարկով` այդ մորթողներն էլ կարող են վերապատրաստվել ու լիցենզավորվել գյուղի սպանդանոցում աշխատելու համար։
Բայց կառավարությունից գործարարին պատասխանել են, որ ԵԱՏՄ կանոնակարգերով նման տարբերակ նախատեսված չէ։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում (ՍԱՏՄ) տեղյակ են Հրայր Հակոբյանի առաջարկի մասին, բայց ասում են, որ դա իրենց իրավասությունից դուրս է. նոր կարգավորումը կառավարության որոշելիքն է։
Ինչ վերաբերում է շուկայում ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքն արգելելուն, ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը շեշտեց, որ տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնում է օրենքով տրված լիազորությունների շրջանակներում։
«Եթե մենք մտնում ենք իրացման ցանց, և այդտեղ կա ոչ սպանդանոցային ծագման միս, այն չի կարող վաճառվել և պետք է առգրավվի։ Իսկ եթե գյուղացին չի կարողանում տանել, սպանդանոցը չի կարողանում աշխատել, այդ հարաբերությունները տեսչական մարմնի իրավասությունից դուրս են»,– Sputnik Արմենիային ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` դրանք բիզնես հարաբերություններ են, որոնք պետք է երկու կողմերն իրենք կարգավորեն։
«Եթե սպանդանոցը չի գործում, դա նաև սպանդանոցի խնդիրն է, որովհետև պիտի կարողանա բիզնես հարաբերություններ ստեղծել, ծառայություններ մատուցել, գնալ, բերել կենդանուն, կազմակերպել մորթը, կազմակերպել այդ միսը իրացման ցանց հասցնելը։ Եթե սպանդանցը պիտի նստի ու սպասի, թե իրեն ով կմոտենա, կշարունակենք ունենալ այն վիճակը, որ ունենք` մարդիկ կշարունակեն իրենց բակերում մորթ կազմակերպել ու վաճառել։ Մեր խնդիրը վերահսկողություն իրականացնելն է և թույլ չտալ, որ օրենքով սահմանված նորմերը խախտվեն»,– ասաց Հարությունյանը։
Նշենք, որ 2024թ–ի հունվարի տվյալներով` Հայաստանում 101 սպանդանոց կա, որոնցից 2-ը` Շիրակի մարզում։ ՍԱՏՄ–ում վստահ են, որ սպանդանոցների այս քանակը բավարար է հանրապետության ամբողջ պահանջարկը բավարարելու համար։