Մայր աթոռը իշխանություններին կոչ է անում հրաժարվել պարտվողական գործելաոճից

Մայր աթոռ
Բարձրաստիճան հոգևորականները Հայաստանի և սփյուռքի բոլոր մտահոգ քաղաքացիներին առաջարկում են համախմբել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական շահերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մայր աթոռը կոչ է անում ՀՀ իշխանություններին հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների համապատասխան հայտարարությունը տարածել է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։

«Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը Տավուշի մարզից տարածքներ հանձնել»,- նշված է հայտարարության մեջ։

Շեշտվում է՝ եկեղեցին ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Սակայն միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր:
Հոգևորականները վստահ են՝ հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։
«Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում»,- ասված է տեքստում։
Մայր աթոռը կոչ է անում Հայաստանի և սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը։
Մեղքի հետ հաշտվել հնարավոր չէ. Բագրատ սրբազանը` տարածքներ տալու և իշխանության մասին