ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ: Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին։
«ՀՀ սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ, չի քննարկվում, բանակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, դա որևիցե բան չի նշանակում. կարող է` ինչ–որ մի պահ մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով ԱԺ հրատապ փակ քննարկումից առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»:
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։