ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայից 30 ընկերության ներկայացուցիչ Հայաստան են ժամանելու։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը
Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, սոցիալական և հումանիտար գործունեությունը։ Վասալի խոսքով՝ Հայաստան կժամանեն ոլորտների լայն շրջանակ ընդգրկող ընկերությունների ներկայացուցիչներ։
«Հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումային ծրագրերի իրականացման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվել է նաև, որ առաջիկայում Մարսելում «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է բացվելու։
Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը, զբոսաշրջային փոխայցելությունների խթանումը: